Այսօր հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տոնական հանդիսություններ էին կազմակերպված՝ նվիրված նոր՝ 2015-2016 ուստարվան:
Գիտելիքի օրվան նորովի էին պատրաստվել նաև Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում:
Բարի ավանդույթի համաձայն դպրոցի պատվավոր հյուրերի թվում էին համայնքի ներկայացուցիչներ, դպրոցի շրջանավարտ, սիրված դերասան՝ Սարգիս Գրիգորյանը և ուրիշներ:
Բազմադարյա պատմություն և մշակույթ ունեցող, գիտելիք , գիր և գրականություն պաշտող մեր ժողովուրդը անցյալից հիշելու և հիշատակելու բազում դեպքեր ունի կապված այս օրվա տոնի հետ, որոնցից դրվագներ ներկայացվեցին մանրապատումի տեսքով:
Տնօրեն Լ. Պետրոսյանը իր շնորհավորանքի խոսքում նշեց և ընթերցեց ուղերձները, որ հղել էին քաղաքապետ՝ պրն. Տ. Մարգարյանը և համայնքի ղեկավար՝ պրն. Հ. Անտոնյանը:
Երգ, պար, երաժշտություն և շատ անակնկալներ, որոնցից բոլորին հուզեց կերպարվեստի ուսուցիչ Լ. Վարդանյանի խոսքը:
Տարիներ առաջ դերասան Սարգիս Գրիգորյանը դպրոցում գործող նկարչության խմբակի անդամներից էր: Նրա նկարներից չորսը մրցույթում ճանաչվել էր լավագույնը՝ արժանանալով խրախուսանքի: Ուսուցիչը խնամքով պահած այդ նկարներից մեկը նվիրեց հեղինակին՝ սիրված դերասանին:
- Ինչպես յուրաքանչյուր ուսուցիչ, այդպես էլ յուրաքանչյուր աշակերտ
դպրոցում թողնում է իր <<հետքը>>: Վստահ եմ, որ այսօր դպրոց ոտք դնող աշակերտը պետք է գիտակցի դա և մտածի բարի <<հետագիծ>> թողնելու մասին,- նշեց դերասանը հուզված և զգացված:
Հնչեց առաջին զանգը և բոլորին հրավիրեց դպրոց՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը: