Գային` Հայկ Բժշկյանին նվիրված ամենամյա մջոցառումն սկսվեց վաղ առավոտյան` մինչ դասերի սկսվելը: Գայի անունը կրող թիվ 129 հիմնական դպրոցի դահլիճում հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից ուսանողներ:
Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը : Դպրոցականներին ողջունեց և Գայի սխրանքների մասին պատմեց տնօրենը` պատմության մասնագետ Լ. Պետրոսյանը: Աշակերտները նախապատրաստել էին <<հարցազրույց>> Գայի հետ, որի դերակատարն էր 8-րդ դասարանի աշակերտ Հայկ Շարոյանը: Այդ զրոյցի միջոցով դիտողները վառ պատկերացում կազմեցին մեծ հայորդու` Գայի քաջության, խիզախության, ռազմական գործի իմացության, նրա երազանքների, հայրենասիրության և ստացած պարգևների մասին: Օրն ավարտվեց II մասիվում` Գայի արձանի մոտ: Այնտեղ աշակերտները պատմեցին Գայի հաղթանակների մասին, երդվեցին ծառայել ՀՀ բանակում նույնքան նվիրումով, որքան Գայն էր իրեն դրսևորել կռիվներում:
Երկու գայականներ` 9-րդ դասարանի աշակերտներ, հրացանով պատվո պահակ էին կանգնել արձանի մոտ: Աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, ծաղիկներով և ծաղկեպսակով զարդարեցին լեգենդար Գայի արձանը: Սա ևս մեկ ոգեկոչման օր էր, որը նպաստում է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ` Մ. Ավետիքյան